Լավրովն ու Ռուբիոն զրուցել են հեռախոսով․ ի՞նչ են քննարկել

Լավրովն ու Ռուբիոն
ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պայմանավորվածությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս–ուկրաինական բանակցությունների արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն դրական դեր է խաղացել՝ նպաստելով, որ Կիևն ի վերջո ընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` ստամբուլյան բանակցությունները վերսկսելու առաջարկը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է, որ Մոսկվան պատրաստ է այս համատեքստում շարունակել ամերիկացի գործընկերների հետ համատեղ աշխատանքը։
ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին ողջունել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև ընդգծել է ԱՄՆ–ի` հակամարտության կարգավորմանը հետագայում ևս աջակցելու պատրաստակամությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ խնդիրների:
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։
Մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։