ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը որոշել է հրաժարականի դիմում ներկայացնել։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Նա անդրադարձել է իր ղեկավարման 7 տարիների ընթացքում կատարված աշխատանքին, ընդգծել, որ այս փուլում որոշել է իրեն նվիրել ընտանիքին ու երեխայի դաստիարակությանը։
«Այս յոթ տարիների ընթացքում ամենամեծ կորուստս եղել է ժամանակը, որ կարող էի տրամադրել ընտանիքիս ու հարազատներիս, բայց զբաղվածության բերումով տրամադրել եմ աշխատանքին։ Կարծում եմ՝ եկել է պահը, երբ պետք է ընտրություն կատարեմ իմ ամբողջ ժամանակն ու ներուժը նորաստեղծ ընտանիքիս ու մանկահասակ երեխայիս տրամադրելու և համայնքի ղեկավարի ծանր պարտականությունները կատարելու միջև»,- գրել է Գասպարյանը։
Նա նշել է, որ առաջիկայում վայր կդնի համայնքի ավագանու անդամի իր մանդատն ու իրեն կնվիրի ընտանեկան հանգիստ կյանքին և ընտանիքի ընդլայնմանը։
Հիշեցնենք` մարտին հայտնի դարձավ՝ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, և այդ փաստով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։
Հավելենք, որ Դիանա Գասպարյանի ամուսինն էլ Վաղարշապատի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Նրանց ընտանիքը նախկինում ևս հայտնվել էր սկանդալների կենտրոնում։ Մասնավորապես, դեռ 2023թ․ լրատվամիջոցները գրում էին, որ Դիանա Գասպարյանի սկեսուրը Վաղարշապատում ապօրինի շինարարությամբ է զբաղվում։ Այն ժամանակ ևս Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվել էր։