ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Կրեմլի կայքը հաղորդում է, որ ՌԴ նախագահը ստորագրել է «Ուկրաինայի հետ բանակցությունների համար Ռուսաստանի Դաշնության պատվիրակության կազմի մասին» հրամանը։
«Ուկրաինայի հետ բանակցությունների համար հաստատել Ռուսաստանի Դաշնության պատվիրակության հետևյալ կազմը. Վլադիմիր Մեդինսկի` Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական (պատվիրակության ղեկավար), Միխայիլ Գալուզին` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության անդամ), Իգոր Կոստյուկով` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ (պատվիրակության անդամ), Ալեքսանդր Ֆոմին` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ (պատվիրակության անդամ)», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հաստատվել է նաև փորձագետների կազմը։ Դրա մեջ են մտնում.
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչության տեղեկատվության պետի առաջին տեղակալ Ա.Ս.Զորինը,
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի մարդասիրական ոլորտում պետական քաղաքականության հարցերով տեղակալ Ե.Ս. Պոդոբրևսկայան,
ՌԴ ԱԳՆ–ի ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ա.Ա. Պոլիշչուկը,
ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Ի. Շևցովը։
ՌԴ նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային ավելի վաղ առաջարկել էր Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները: Ռուսաստանի առաջնորդը չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ:
Ի պատասխան՝ Զելենսկին կրկին առաջադրել է այնպիսի պայմաններ, որոնք Մոսկվայում ավելի վաղ անընդունելի էին համարվել։ Զելենսկին ցանկացել է, որ Մոսկվան մայիսի 12-ից համաձայնի լիակատար հրադադարի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին կոչ է արել Կիևի իշխանություններին անհապաղ համաձայնել Թուրքիայում բանակցություններ վարելու՝ Պուտինի առաջարկին: Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ նման բանակցություններն առնվազն կորոշեն՝ հնարավո՞ր է արդյոք գործարքը: Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15-ին Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։