Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ԶԼՄ

Տիգրան Տեր-Մարգարյան
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` նա արդեն հրաժեշտ է տվել աշխատակազմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և հեռացել պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։
«Առավոտյան նա եկել է վարչական շրջանի թաղապետարան և աշխատակիցներին հրաժեշտ է տվել»,– գրում է լրատվամիջոցը։
Լուրը ճշտելու համար Sputnik Արմենիան կապ հաստատեց Տիգրան Տեր-Մարգարյանի հետ։
«Եթե հրաժարական տալու լինեմ, ինքս պաշտոնապես կհայտարարեմ այդ մասին»,– պատասխանեց նա։
Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանն ու թաղապետարանի աշխատակիցները ծեծեցին ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։ Միջադեպը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Չախոյանը հայտարարեց, որ կոռուպցիոն սխեմա է բացահայտել՝ կապված մանկապարտեզի կառուցման հետ:
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո քրեական վարույթ նախաձեռնվեց, որով թաղապետն ու ևս 3 աշխատակիցներ անցնում են ֆիզիկական բռնության հոդվածով, իսկ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ խուլիգանության։
Մայիսի 5–ին քաղաքապետ Տիգրան Ավինյանը թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը որակեց սադրանքի հետևանք, Նոր Նորքի թաղապետը ներողություն խնդրեց քաղաքապետից ու հանրությունից։ Մայիսի 7-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ կատարվածից պետք է բխեն հետևանքներ։
ՔԿ–ն 2023 թվականից ուսումնասիրում է բլոգեր Չախոյանի ներկայացրած «գրդոնած» մանկապարտեզը