Ինչու գնա, եթե ես չկամ. Թրամփը՝ ստամբուլյան բանակցություններին Պուտինի մասնակցության մասին

Իրազեկ աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ՌԴ–ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան նույն վայրում, որտեղ անցկացվել են 2022 թվականին։
Sputnik
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մասնակցել Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին, քանի որ ինքն էլ չի մասնակցում այդ հանդիպմանը։
«Ինչո՞ւ նա պետք է մեկնի, եթե ես չեմ մեկնում։ Ես չէի կարծում, որ Պուտինը կգա, եթե ես այնտեղ չլինեմ», – նրա խոսքերն է մեջբերում Sky News-ը։
Թրամփը չի բացառել, որ Ստամբուլ կմեկնի մայիսի 16-ին, եթե Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում առաջընթաց գրանցվի։
Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է, այն գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին որոշել էր, որ ինքը պետք է գլխավորի պատվիրակությունը, ինչը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյին առիթ է տվել հայտարարելու «դատարկ աթոռի» մասին, որտեղ պետք է նստեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Միևնույն ժամանակ Մոսկվան չէր հաստատել Պուտինի մասնակցությունն այս բանակցություններին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։ Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը լուրջ է տրամադրված երկարատև խաղաղ կարգավորման հասնելու ուղիներ փնտրելու հարցում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակը հակամարտության սկզբնապատճառների վերացումն է ու ՌԴ շահերի ապահովումը։
Թրամփը բաց է ցանկացած մեխանիզմի համար. Ռուբիոն` ուկրաինական հակամարտության մասին