ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. TikTok սոցցանցը որոշակի միջոցներ է ձեռնարկել և սահմանափակել որոնումները՝ կապված Կիևի ճանապարհին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ գնացքից արված աղմկահարույց տեսանյութի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bloomberg–ին։
Ավելի վաղ Associated Press-ը տեսանյութ էր հրապարակել գնացքի խցիկից, որտեղ գտնվել են Մերցը և Մակրոնը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը։ Նրանք մայիսի 10-ին ուղևորվում էին Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» հանդիպմանը։ Տեսանյութում երևում է Մակրոնի առջև սեղանին դրված սպիտակ առարկա, որը փաթեթ կամ թղթի կտոր է հիշեցնում, իսկ Մերցի առջև՝ գդալի կամ փայտիկի նմանվող ինչ-որ բան։ Երբ տեսախցիկները հայտնվում են, ղեկավարները փորձում են թաքցնել այդ իրերը։
X սոցցանցի օգտատերերը այնուհետև ենթադրեցին, որ դա կարող էր լինել կոկաին և դրա օգտագործման համար նախատեսված գդալ։ Ելիսեյան պալատը, մեկնաբանելով սոցցանցերում շրջանառվող շահարկումները, պնդեց, որ «Ֆրանսիայի թշնամիները» փորձում են թաշկինակը ներկայացնել որպես թմրանյութի փաթեթ։
«TikTok-ը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկել մի քանի տեսանյութերի դեմ և սահմանափակել է որոնումները` կապված այդ իրադարձության հետ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Գործակալությունը նշում է նաև, որ X սոցցանցը և YouTube-ը չեն մեկնաբանել իրավիճակը։