Զելենսկին արձագանքել է ուղիղ բանակցություններին վերադառնալու Պուտինի առաջարկին

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին. Արխիվային լուսանկար
Ուկրաինայի նախագահը ՌԴ նախագահի առաջարկը լավ նշան է անվանել և գրել, որ ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը հրադադարն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է մայիսի 15–ին Ստամբուլում բանակցություններ անցկացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Տելեգրամի նրա պաշտոնական էջում։
Նա դա լավ նշան է անվանել և գրել է, որ ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը հրադադարն է:
«Իմաստ չունի շարունակել մարդկանց կյանքերը խլել անգամ մեկ օր։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհաստատի հրադադարը՝ ամբողջական, երկարատև և հուսալի` սկսած վաղվանից՝ մայիսի 12–ից։ Ուկրաինան պատրաստ է հանդիպել»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մայիսի 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ստամբուլում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:
Ռուսաստանի առաջնորդը նաև առաջարկեց, որ Կիևը, անկախ ամեն ինչից, մայիսի 15-ին վերսկսի Ստամբուլում ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի: Նա նշեց, որ Կիևը ընդհանրապես չի արձագանքել Հաղթանակի 80-ամյակի ժամանակ կրակը դադարեցնելու Ռուսաստանի առաջարկին: Ռուսաստանի նախագահը չբացառեց, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում կարող է հրադադար կնքվել: Նա հավելեց, որ Ռուսաստանի առաջարկը, «ինչպես ասում են՝ սեղանին է», որոշումը Կիևինն է ու նրան ուղղորդողներինը:
Ավելի վաղ Զելենսկու «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար և Ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հանձնաժողովի անդամ Դավիթ Արախամիան հայտարարել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող էին ավարտվել 2022 թվականի գարնանը: Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ արեց Կիևին ոչինչ չստորագրել Ռուսաստանի Դաշնության հետ և «պարզապես պայքարել»: