ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Մեծ հաղթանակի 80-ամյակի տոնական միջոցառումների կապակցությամբ Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Անմար կրակի մոտ և Անհայտ զինվորի շիրիմին:
Երկրների ղեկավարները գլուխ են խոնարհել զոհված հերոսների հիշատակի առջև և ծաղիկներ դրել Կրեմլի պատին կից Անմար կրակի մոտ:
Հիշատակի արարողությանը մասնակցել են նաև Բելառուսի (Ալեքսանդր Լուկաշենկո), Ղազախստանի (Կասիմ-Ժոմարտ Տոկաև), Տաջիկստանի (Էմոմալի Ռահմոն), Ղրղզստանի (Սադիր Ժապարով), Թուրքմենստանի (Սերդար Բերդիմուհամեդով), Ուզբեկստանի (Շավքաթ Միրզիյոև), Կուբայի (Միգել Դիաս-Կանել Բերմուդես) նախագահները:
Հիշեցնենք` այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հայկական ԽՍՀ-ից ռազմաճակատ է մեկնել մոտ 300 հազար մարդ`բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
Հայրենական մեծ պատերազմի վետերաններից այսօր ողջ են 31–ը։ Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի շքերթին ներկա են եղել նրանցից 4–ը` 102-ամյա Ռոզալյա Աբգարյանը, 100-ամյա Վոլոդյա Գսպոյանը, 102-ամյա Խաչիկ Հովակիմյանը և 100-ամյա Ներսես Սիմոնյանը։