Հաղթանակը Ռուսաստանի և ԱՊՀ-ի գրեթե յուրաքանչյուր ընտանիքի պատմության մի մասն է. Պուտին

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին ներկա գտնվելու համար:
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն անվանել է Ռուսաստանի և ԱՊՀ-ի գրեթե յուրաքանչյուր ընտանիքի պատմության մաս:
«Մենք խոնարհվում ենք այդ մեծ սերնդի առաջ։ Որտեղ էլ որ հիմա ապրեն, ինչ լեզվով էլ խոսեն՝ նրանք միշտ մեզ համար յուրային են ու հարազատ։ Մենք հաղթողների մի մեծ ընտանիք ենք», - ընդգծել է Պուտինը՝ ելույթ ունենալով Կրեմլում այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ տոնական ընդունելության ժամանակ։
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ հաղթանակի նշանակությունը անգնահատելի է աշխարհի ճակատագրերի համար:
Նա արտասահմանյան գործընկերներին շնորհակալություն է հայտնել Մոսկվա ժամանելու և այսօր Հաղթանակի տոնին ներկա գտնվելու համար:
Մեծ հաղթանակի շքերթը Մոսկվայի երկնքում եզրափակել է «օդային գվարդիան»
Պուտինը համոզված է` այդ զգացմունքները հասկանում են բոլոր նրանք, ում մերձավորները «պայքարել են նացիզմի և միլիտարիզմի դեմ, մարտնչել են ազատության համար Եվրոպայում և Ատլանտյան օվկիանոսում, Խաղաղ օվկիանոսում, Ասիայում, Աֆրիկայում՝ այնտեղ, որտեղ բոցավառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի կրակը: Նա համոզված է, որ խաղաղության և արդարության իդեալների շուրջ մարդկանց համախմբվածությունն անգերազանցելի ուժ ունի։
Հիշեցնենք` այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Մեծ Հայրենականին Հայկական ԽՍՀ-ից ռազմաճակատ է մեկնել մոտ 300 հազար մարդ` բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
Պուտինը Կարմիր հրապարակում ողջունեց հայ վետերաններին