ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Պակիստանի օդանավակայանների վարչությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները Կարաչիի, Լահորի և Սիալկոտի օդանավակայաններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Geo հեռուստաալիքը:
«Կարաչիի, Լահորի և Սիալկոտի օդանավակայանները բոլոր չվերթների համար անհասանելի կլինեն մինչև հինգշաբթի ժամը 12.00- ն»,- ասված է վարչության հայտարարության մեջ:
Վարչությունը նաև կոչ է արել ուղևորներին կապի մեջ մնալ համապատասխան ավիաընկերությունների հետ՝ վերջին նորություններին տեղյակ լինելու համար:
Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է մեղադրանքները, իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսլամաբադն իրեն պատասխան տալու իրավունք է վերապահում: