ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Եթե Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կյանքին սպառնալիք լինի, ԱԱԾ–ն կտեղեկացնի։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա պատասխանեց լրագրողի այն հարցին` արդյոք ՀՀ վարչապետին ԱԽ քարտուղարը ներկայացրել է` Մոսկվայում նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ, կատարվե՞լ են արդյոք ուսումնասիրություններ։
«Ցանկացած սպառնալիք, եթե լինում է, մեր ԱԱԾ և մնացած այլ կառույցները ցանկացած իրավիճակի հետ կապված անվտանգությունը գնահատում են, և եթե սպառնալիք է լինում, բնականաբար, տեղեկացնում են»,– ընդգծեց նա ու արագ հեռացավ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հաստատել էր իր մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80–ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Հիշեցնենք նաև` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա պատվիրակությունների անվտանգությունը, որոնք կժամանեն Մոսկվա՝ մայիսի 9-ի շքերթին մասնակցելու, նշել էր, որ հայկական կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության հետ կապված խնդիր չի տեսնում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթին Մոսկվա մեկնելու դեպքում։