ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. 2024 թ. հունվարի 1–ից մինչև 2025 թ. հունիսի 1–ը կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն նաև այն դեպքերում, երբ դրանց դիմաց վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով։ Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն` ներկայացնելով սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարված փոփոխությունները։
ՊԵԿ–ից նաև զգուշացնում են` 2025 թ. հունիսի 1–ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե սոցիալական ծախսերն անմիջականորեն կատարվել են արդեն կոնկրետ հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։
«Համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով հաշվարկային փաստաթղթերը համայնքների անունից կարող են դուրս գրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Եթե առողջության ապահովագրության փաթեթի պայմանագրի համաձայն որպես ապահովադիր հանդես է եկել գործատուն` հայտարարատու հանդիսացող աշխատողի կամ վերջինիս ընտանիքի անդամների համար ապահովագրավճարի գծով կատարված ծախսերի դիմաց աշխատողից հատուցում ստանալու պայմանով, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել հայտարարատու հանդիսացող աշխատողը՝ ապահովագրավճարի գծով կատարված ծախսերի դիմաց գործատուին տրամադրված հատուցման գումարի մասով:
«Սոցիալական փաթեթի շահառուներից բացի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողները ևս առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել միայն սոցիալական փաթեթի շահառու և նշված կազմակերպությունների աշխատող չհամարվող ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով, իսկ ատամնաբուժական ծառայությունների գծով՝ նաև իրենց համար կատարված ծախսերի մասով»,– տեղեկացրել են ՊԵԿ–ից։
Հիշեցնենք, որ որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև նոյեմբերի 1–ը։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։ Սոցիալական ծախս է համարվում առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումն ու ՀՀ կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։