ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Սերբիայի նախագահի՝ ՌԴ մեկնող հատուկ ինքնաթիռի թռիչքի թույլտվություն տրամադրելու Լիտվայի և Լատվիայի մերժումը ահավոր է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Եվրամիության երկրները շարունակում են սահմանափակել իրենց արտաքին քաղաքականությունը վարելու՝ պետությունների ինքնիշխան իրավունքը՝ թույլ չտալով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին իրենց օդային տարածքով թռիչք կատարել դեպի Մոսկվա:
ԵՄ մի շարք երկրներ օգտագործում են ոչ քաղաքակիրթ մեթոդներ՝ թույլ չտալու, որ առաջնորդները Մայիսի 9-ին այցելեն ՌԴ, նշել է Զախարովան, սակայն «չարամիտ մեքենայությունները» այս դեպքում էլ անպտուղ կմնան, քանի որ ոչ ոք ի զորու չէ ոչնչացնել ՌԴ-ի և Սերբիայի ռազմավարական գործընկերությունը:
«Կիևի ռեժիմին հաճոյանալու համար Բրյուսելը սանձազերծել է եվրոպական առաջնորդներին վախեցնելու արշավ, որպեսզի թույլ չտան նրանց գալ Մոսկվա... Առավել նախանձախնդիրները ձգտում են փակել Ռուսաստան տանող տրանսպորտային երթուղիները։ ...Վիլնյուսն ու Ռիգան վաղուց ստանձնել են ռուսատյաց ֆորպոստի դերակատարություն, որը պատրաստ է ցանկացած արարքների, միայն թե խանգարի և՛ Ռուսաստանին, և ՛ այն երկրներին, որոնք հրաժարվում են հետևել Եվրամիության բյուրոկրատ «վերակացուներին», - ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Միևնույն ժամանակ, Զախարովան ընդգծել է, որ պատկառելի թվով օտարերկրյա հյուրերի հետ միասին, որոնց համար կարևոր է այս սուրբ տոնը ընկերների շրջապատում դիմավորել հենց Մոսկվայում, Ռուսաստանն արժանապատվորեն կնշի մեծ հաղթանակի հոբելյանը:
Հայտնի է դարձել նաև, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռը Մոսկվա մեկնելիս ստիպված վայրէջք է կատարել Բաքվում, սակայն կարճ ժամանակ անց, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Սերբիայի նախագահի ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Մոսկվա:
Ավելի վաղ ԵՄ-ն զգուշացրել էր թեկնածու երկրների առաջնորդներին և միության գործող անդամներին՝ չայցելել Մոսկվա: Դրան ի պատասխան՝ Վուչիչը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին խոստացել է ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրը ժամանել Մոսկվա և կգնա, բայց առանց Սերբիայի կառավարության և բանակի ներկայացուցիչների, որպեսզի նրանք չհայտնվեն պատժամիջոցների տակ:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը Մոսկվա մեկնելու՝ Արևմուտքի արգելքը նեոնացիզմի դրսևորում է, հայտարարել է Սերբիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն: