ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Բանակից ազատվելու «հրաշալի միջոց» է դարձել 2019 թ․-ից ստեղծված ու մինչ օրս գործող ՀՖՖ ԲԿՄԱ–ում (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) գրանցվելը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ԿԳՄՍՆ՝ փորձելով հասկանալ՝ 2019-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը պարտադիր զինվորական ծառայությունից քանի անձ է ազատվել սպորտով զբաղվելու պատճառաբանությամբ և ստացել հետևյալ պատասխանը․
«2019-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայությունից սահմանված կարգով ազատվել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականների (երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող 68 ֆուտբոլիստ, այդ թվում՝ ըստ նշված տարիների զորակոչերի.
2019 թվական՝ 6 ֆուտբոլիստ,
2020 թվական՝ 6 ֆուտբոլիստ,
2021 թվական՝ 18 ֆուտբոլիստ,
2022 թվական՝ 15 ֆուտբոլիստ,
2023 թվական՝ 14 ֆուտբոլիստ,
2024 թվական՝ 9 ֆուտբոլիստ։
2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ՝ փաստաթղթերի ներկայացման ժամկետը չի ավարտվել: Սահմանված կարգի համաձայն՝ այն ավարտվելու է զորակոչի վերջին օրվան նախորդող 30-րդ օրը (գործընթացը շարունակվում է)»:
Թերթն ամփոփում է, որ այսպիսով ամեն տարի միջինում բանակից ազատվել է ֆուտբոլի մեկնարկային կազմի քանակով (11 անձ) երիտասարդ։