Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Տեխասի «Սթարբեյս» բազան, որտեղ գտնվում է իր «SpaceX» ընկերության կենտրոնակայանը, պաշտոնապես դարձել է ինքնուրույն քաղաք:
«Հիմա դա պաշտոնապես է», - գրել է Մասկը «X» սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով հաղորդագրությունն այն մասին, որ «Սթարբեյս» բազան քաղաք է դարձել:
«ABC» հեռուստաալիքի տվյալներով՝ անցյալ տարվա դեկտեմբերին ավելի քան 70 տեղի բնակիչներ խնդրագիր են ստորագրել՝ առաջարկելով քվեարկություն անցկացնել «Սթարբեյսը» որպես մունիցիպալ կազմավորում հաստատելու համար: Ըստ խնդրագրի տեքստի՝ «Սթարբեյս»-ում բնակվում է ավելի քան 200 մարդ։
«Սթարբեյսը» Մեքսիկական ծոցի տեխասյան ափին գտնվող Բրաունսվիլ քաղաքի շրջանում «Starship» գերհզոր տիեզերանավի արձակման համար 2010-ական թվականներից կառուցվող համալիր է։ 2024 թվականի հունվարին տեղական իշխանությունները դաշնային մարմիններին խնդրել են «Սթարբեյսն» օգտագործել որպես տարածաշրջանի պաշտոնական անվանում: