ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Ռուսաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրամանյամ Ջայշանկարը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հնդկա-պակիստանյան հարաբերությունների սրումը, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հնդկական փոխգործակցության արդիական հարցերը, ինչպես նաև Փեհելգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների սրումը»,-ասված է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ում նշել են, որ Լավրովը կոչ է արել Նյու Դելիի և Իսլամաբադի իշխանությունների միջև տարաձայնությունները կարգավորել քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ երկկողմ հիմքով, 1972 թվականի Սիմլայի համաձայնագրի և 1999 թվականի Լահորի հռչակագրի դրույթների համաձայն:
«Նախարարները քննարկել են բարձր և բարձրագույն մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը»,- եզրափակել են նախարարությունում:
Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին՝ Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանի Փեհելգամ քաղաքի մոտ ահաբեկիչների հարձակումից հետո: Մի քանի զինված անձինք զբոսաշրջիկների ուղղությամբ կրակ են բացել Բայսարան հովտում, որը հայտնի զբոսաշրջային վայր է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը, որը կապված է Ռուսաստանում արգելված «Լաշքար-ի-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 25 հնդիկ և նեպալի մեկ քաղաքացի: