ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն մտահոգություն է հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, սպառնալիքների և նվաստացումների մասին հաղորդագրությունների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է փաստաթղթում, որում կոմիտեի անդամները եզրակացություններ են արել Ուկրաինայում տիրող իրավիճակի ուսումնասիրությունից հետո։
«Կոմիտեն մտահոգություն է հայտնել ռուսաստանցի ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների, վատ վերաբերմունքի, սպառնալիքների, նվաստացումների և այլ խախտումների մասին պնդումներ պարունակող հաղորդումների կապակցությամբ, որոնք, ինչպես պնդում են, կատարվել են Ուկրաինայի զինված ուժերի և ռազմական ոստիկանության կողմից։ Բացի այդ, խնդրահարույց է խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի հետևանքով գերիների տեսանելի վնասների ոչ պատշաճ գրանցումը և հաշվետվությունը», - ասվում է փաստաթղթում:
ՄԱԿ-ում ընդգծել են, որ խոշտանգումների արգելումը միանշանակ է. ոչ մի բացառիկ հանգամանք չի կարող արդարացնել խոշտանգումները:
Հիշեցնենք` նախորդ տարվա հոկտեմբերին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին զեկույց էր հրապարակել, որն ընդգրկում էր 2024 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Նշվում էր, որ Ուկրաինայում ՄԱԿ-ի կողմից հարցված 205 ռուսաստանցի ռազմագերիների կեսից ավելին ենթարկվել է խոշտանգումների: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի հիմնական մեթոդներից են դաժան ծեծը (այդ թվում` ծնկներին և հոդերին ուղղված հարվածները), մահվան կամ ֆիզիկական բռնության սպառնալիքները և էլեկտրահարումը: