Լիբանանը ՀԱՄԱՍ-ին զգուշացրել է զերծ մնալ երկրի անվտանգությանը սպառնացող գործողություններից

Լիբանանի դրոշը
Խախտումների դեպքում հնարավորինս կոշտ և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն Լիբանանի ինքնիշխանությանը սպառնացող գործողությունները վերջնականապես կասեցնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը ՀԱՄԱՍ շարժմանը զգուշացրել է զերծ մնալ երկրի ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություն իրականացնելու համար պետության տարածքն օգտագործելուց: Այս մասին հայտարարել է բրիգադային գեներալ Մուհամմադ ալ-Մուստաֆան։
«Խախտումների դեպքում հնարավորինս կոշտ և անհրաժեշտ գործողություններ կձեռնարկվեն Լիբանանի ինքնիշխանությանը սպառնացող գործողությունները վերջնականապես կասեցնելու համար»,-ասել է ալ-Մուստաֆան։
Գեներալի խոսքով՝ հաջորդ շաբաթվա սկզբին խորհուրդը կքննարկի 2025 թվականի մարտի 22-ին և 28-ին հրթիռների արձակման գործով բոլոր ձերբակալվածների գործերը, պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, որոնց մասնակցությունը կապացուցվի:
Մեկ տարվա շարունակական զինված հակամարտությունից հետո, 2024 թվականի նոյեմբերին Իսրայելի իշխանությունների հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագրով, այս տարվա փետրվարին Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է զորքերի դուրսբերումը Հարավային Լիբանանից։ Սակայն իսրայելական բանակը մնացել է Լիբանանի հարավային մասում գտնվող հինգ ռազմավարական դիրքերում՝ դա բացատրելով անվտանգության վերահսկողությամբ:
Լիբանանի ղեկավարությունն իր հերթին պետք է ապահովեր «Հզբոլլահի» ուժերի լիակատար դուրսբերումը Լիտանի գետից հյուսիս, որը տարբեր տեղերում հոսում է Իսրայելի հետ սահմանից 20-30 կմ հեռավորության վրա: Այնինչ Բեյրութը չի կարողացել պաշտոնապես հաստատել, որ համաձայնագրի այդ պայմանն ամբողջությամբ կատարվել է։ Հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ իսրայելական բանակն ամեն օր շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով զոհվում եմ մարդիկ, այդ թվում՝ խաղաղ քաղաքացիներ: