Առանց «Արցախ» անվանման իմաստ չէր ունենա. երաժիշտները՝ մայիսի 5-ին կայանալիք համերգի մասին

Նվագախմբի գլխավոր խնդիրը ֆինանսականն է։ «Արցախ» անվանումը բարդացնում է հովանավորներ գտնելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Արցախից տեղափոխվելուց հետո «Արցախ» կամերային նվագախումբն առաջին անգամ համերգ կտա Հայաստանում:
Կոլեկտիվը հիմնադրվել է 2004 թվականին, Արցախում։
Հիմա նվագախումբը բարեգործական կամ սոցիալական նախագիծ չէ, այլ մշակութային հավակնոտ նախաձեռնություն, որի նպատակն է պահպանել Արցախ տեղանունը և այն միջազգային ասպարեզում առաջ մղել:
Հասմիկ Պապյանը
«Եթե չլիներ այդ անվանումը, իմաստ չէր ունենա վերակենդանացնել նվագախումբը։ Հայաստանում նվագախմբերի պակաս չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նվագախմբի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օպերային երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ ժամանակի ընթացքում յուրաքանչյուրը կցանկանա աջակցել նվագախմբին:
«Գրեթե վստահ եմ, որ օրը կգա, մարդիկ իրենց պատիվ կհամարեն օգտակար լինել «Արցախ» նվագախմբին»,–ասաց Պապյանը։
Աշխարհահռչակ հայ երաժիշտների մասնակցությամբ «Արցախ» կամերային նվագախմբի համերգին նվիրված մամուլի ասուլիս
Համերգին կմասնակցի նաև աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, որն ընդգծեց, որ իր պարտքն է համարում լինել երաժշտական կոլեկտիվի կողքին:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր լուման ներդնի։ Գաղափարը թավջութակահար Նարեկ Հախնազարյանինն է՝ նա հրավիրեց, և ես անմիջապես համաձայնեցի, - ասաց Խաչատրյանը։
Հախնազարյանի խոսքով՝ նվագախմբի գլխավոր խնդիրը ֆինանսականն է։ «Արցախ» անվանումը բարդացնում է հովանավորներ գտնելը։
Նարեկ Հախնազարյան
«Ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որտեղ հայը չի կարող Արցախի մասին խոսել հանգիստ ու հպարտ։ Հայաստանում կան կազմակերպություններ և ֆինանսական կառույցներ, որոնց մենք նույնիսկ չենք դիմել. գիտենք, որ անվան պատճառով մեզ կմերժեն»։
Սերգեյ Խաչատրյանը
«Արցախ» նվագախմբի համերգը տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը 19:30-ին, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար հանդես կգա Սերգեյ Խաչատրյանը (ջութակ): Ծրագրում ներառված են՝ Բելլա Բարտոկ («Ռումինական ժողովրդական պարեր»), Ալեքսանդր Հարությունյան (Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար), Էդվարդ Միրզոյան («Շուշանիկ»), Դմիտրի Շոստակովիչ (կամերային սիմֆոնիա Դո մինոր, օպուս 110ա):
Ներկայում նվագախումբը բաղկացած է 25 երաժիշտներից։