ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ուկրաինական զորքը հարձակվել է Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրի շուկայի վրա։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը։ Այս մասինTelegram–ի իր ալիքում հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Մոտավորապես ժամը 9:30-ին Ալյոշկիում՝ կենտրոնական շուկայի տարածքում, Ուկրաինայի զինված ուժերը FPV անօդաչուներով զանգվածային հարձակում են գործել խաղաղ բնակիչների վրա: Հարձակման պահին շուկայում շատ մարդիկ են եղել: Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը», – գրել է Սալդոն:
Մարզպետը հավելել է, որ Ալյոշկիի շուկայի վրա հարվածների առաջին ալիքից հետո Ուկրաինայի զինված ուժերը ուղարկել են FPV–դրոններ՝ ողջ մնացածներին ոչնչացնելու համար։
Նրա խոսքով՝ մանրամասները ճշտվում են։ Բոլոր արտակարգ ծառայությունները տեղում են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։