Իսրայելը դրուզների պատճառով հարված է հասցրել Սիրիայի արմատականներին

Նեթանյահուի գրասենյակից ընդգծել են, որ Իսրայելը թույլ չի տա Սիրիայում հարձակվել դրուզների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Իսրայելը Սիրիայի արմատական ​​խմբավորումներին զգուշացրել է դրուզների համայնքին թիրախավորելու հետևանքների մասին և նախազգուշական հարված հասցրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հրամանով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը կարգադրել է կանխարգելիչ հարված հասցնել ծայրահեղական խմբավորմանը, որը հարձակում էր նախապատրաստում Սիրիայի Դամասկոս նահանգի Սահնայա բնակավայրում բնակվող դրուզների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Վարչապետի գրասենյակում հավելել են, որ Իսրայելը «խիստ նախազգուշացում» է հղել սիրիական իշխանություններին, որ Դամասկոսի վրա անմիջական պատասխանատվություն է դրվել դրուզների վրա հարձակումները կանխելու համար։
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրում է Պաղեստինում կազմակերպության աշխատանքը խոչընդոտելու համար
«Իսրայելի պետությունը ընդգծում է իր խորը հանձնառությունը Իսրայելում դրուզ համայնքի պաշտպանությանը և Սիրիայում նրանց արյունակից եղբայրներին աջակցելու հարցում։ Իսրայելը թույլ չի տա Սիրիայում դրուզների վրա հարձակումները», – ընդգծել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։
Ապրիլի 30-ի գիշերը Դամասկոսի արվարձաններում, որտեղ հիմնականում դրուզներ են ապրում, բախումներ են սկսվել քաղաքի վրա հարձակված զինված ջոկատների և դրուզների ինքնապաշտպանության մարտիկների միջև։ Հաղորդվել է նաև, որ Սահնայում գտնվող ընդհանուր անվտանգության ծառայության շտաբը զինված հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով ուժային գերատեսչության 11 աշխատակից է մահացել։