ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վավերացումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ. ապրիլի 15–ին Երևանում:
Նշվում է, որ համաձայնագրով կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար։
«Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում է կողմերի միջև համագործակցություն միգրացիայի մի պետության տարածքում գտնվող մյուս պետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ նաև տեղեկատվական համագործակցություն»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշված կարգավորումները կիրականացվեն կողմերի ներպետական օրենսդրությունների և միջազգային պարտավորությունների համաձայն։
Համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարանի քննարկմանը, որից հետո կներկայացվի Ազգային ժողով։