ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հնդկաստանին և Պակիստանին իր «բարի ծառայություններն» է առաջարկել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը . Արխիվային լուսանկար
Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետի և Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածության ֆոնին կողմերին իր «բարի ծառայություններն» է առաջարկել դեէսկալացիայի համար: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ այսօր Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
«Գլխավոր քարտուղարը նաև խորը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել է, որ անհրաժեշտ է խուսափել առճակատումից, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների: Նա իր բարի ծառայություններն է առաջարկել ապաէսկալացիայի ջանքերին աջակցելու համար»,-ասել է Դյուժարիկը։
Ինչպես նշել է Դյուժարիկը, Գուտերեշը կրկին դատապարտել է Ջամու և Քաշմիր շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունը։
Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչություն են իրականացրել զբոսաշրջային Փեհելգամ քաղաքում: Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները ապացույցներ են գտել «Լաշքար-Է-Թայբա» խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության (ISI) մասնակցության վերաբերյալ:
Իրավիճակը լարվել է նաև սահմանին։ Արդեն մի քանի օր է՝ երկու երկրների սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունենում։
ՌԴ-ն Հնդկաստանին և Պակիստանին կոչ է անում տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով