Թուրքիան զենքով լի ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան. ԶԼՄ

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին հաղորդվում է Իսլամաբադին Թուրքիայի աջակցության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Թուրքիան զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Flightradar ծառայության տվյալներին։
Նշվում է, որ Պակիստան են ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի վեց C-130E ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։
Չհաստատված տվյալներով` Պակիստան են առաքվել KARAOK հակատանկային հրթիռային համալիրներ և Bayraktar TB2 ԱԹՍ–ի համար նախատեսված տարբեր զինամթերք (MAM-L, MAM-C, KEMANKEŞ)։
Թուրքիայի աջակցության մասին հաղորդումները հայտնվել են Ջամու և Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին։ Իրավիճակն այնտեղ սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում զինված անձինք ահաբեկչական հարձակում են իրականացրել։ Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, բազմաթիվ վիրավորներ կան։
Հանցագործներին հաջողվել է փախչել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները ապացույցներ են գտել, որոնք վկայում են, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունն (ISI) առնչություն է ունեցել «Լաշկար-է-Թայբա» (արգելված է Ռուսաստանում) խմբավորման ահաբեկիչների իրականացրած հարձակմանը։
Ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանը գրեթե երկու անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանատանը գտնվող մարդկանց թիվը, Պակիստանի դիվանագիտական ​​​​առաքելության ռազմական խորհրդականներին հայտարարել անցանկալի անձ և փակել սահմանին գտնվող «Աթթարի» հիմնական անցակետը։ Հնդկաստանի իշխանությունները նաև կասեցրել են Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագիրը և Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը։