ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հռոմի նոր պապին ընտրելու համար կարդինալների հավաքը տեղի է ունենալու մայիսի 7-ին։ Այս մասին հայտնում է Reuters–ը` վկայակոչելով Վատինանում իր աղբյուրին։
Նշվում է, որ մեկնարկի ամսաթիվը համաձայնեցվել է Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից հետո կարդինալների առաջին փակ հանդիպմանը։
Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել էր 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։
Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում։