Անկարան հերքել է Պակիստանին զենք ուղարկելու մասին ադրբեջանական ԶԼՄ–ների տեղեկությունները

Ադրբեջանական մամուլն ավելի վաղ գրել էր, որ թուրքական սպառազինությամբ վեց ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ուղարկվել Պակիստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները Պակիստան զենք ուղարկելու մասին:
«Որոշ լրատվամիջոցների պնդումները, թե Թուրքիան սպառազինությամբ լի վեց ինքնաթիռ է ուղարկել Պակիստան, չեն համապատասխանում իրականությանը։ Թուրքիայից մեկնած ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Պակիստանում միայն լիցքավորման նպատակով, որից հետո շարունակել է թռիչքը սահմանված երթուղով»,– հայտնել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի հանրային կապերի վարչությունից:
Անկարայում նման հրապարակումները շահարկումներ են անվանել և կոչ արել կենտրոնանալ բացառապես լիազորված անձանց և պաշտոնական հաստատությունների հայտարարությունների վրա։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Flightradar ծառայության տվյալներին, գրել էին, որ Թուրքիան զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան։
Թուրքիայի աջակցության մասին հաղորդումները հայտնվել են Ջամու և Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին։ Իրավիճակն այնտեղ սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում զինված անձինք ահաբեկչական հարձակում են իրականացրել։ Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, բազմաթիվ վիրավորներ կան։
Հանցագործներին հաջողվել է փախչել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները ապացույցներ են գտել, որոնք վկայում են, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունն (ISI) առնչություն է ունեցել «Լաշկար-է-Թայբա» խմբավորման ահաբեկիչների իրականացրած հարձակմանը։
Պակիստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին Հնդկաստանը հրթիռներ է փորձարկել
Ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանը գրեթե երկու անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանատանը գտնվող մարդկանց թիվը, Պակիստանի դիվանագիտական ​​​​առաքելության ռազմական խորհրդականներին հայտարարել անցանկալի անձ և փակել սահմանին գտնվող «Աթթարի» հիմնական անցակետը։ Հնդկաստանի իշխանությունները նաև կասեցրել են Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագիրը և Պակիստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը։