ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Իրանի Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 36-ի։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Տուժածների թիվը գերազանցում է 1200-ը։ Մահացածների և տուժածների թիվը պարբերաբար ավելանում է։
Նշենք, որ ապրիլի 28-ը երկրում հայտարարված է սգո օր։ Այսօր պայթյունի վայր է այցելել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Մայրաքաղաք Թեհրանում այսօր առավոտից կամավոր արյունատվության համար ավելի քան 1000 մարդ է դիմել։
Իրանի արյան փոխներարկման կազմակերպության տվյալներով՝ անհրաժեշտ արյան քանակն ամբողջությամբ լրացված է։
Տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, ցավակցություն են հայտնել Իրանին, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Իրան ուղարկել երկու ինքնաթիռ՝ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության փորձագետների հետ միասին:
Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ փրկարարական թիմերի կազմում ընդգրկված են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք, ինչպես սպասվում է, օգնություն կցուցաբերեն Շահիդ Ռաջայի նավահանգստում բռնկված հրդեհի մարման գործում:
Հիշեցնենք, որ Բենդեր Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։
Հավելենք, որ հրդեհը մարել դեռ չի հաջողվել։