Թուրքիայում ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել գեներալ Մոսկալիկի սպանության մեջ կասկածվողը

Թուրքիայում ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել գեներալ Մոսկալիկի սպանության մեջ կասկածվողը
Նա ձերբակալվել է իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները հայտնաբերել են ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ 42-ամյա Իգնատ Կուզինին, որը կասկածվում է ահաբեկչական գործողություն կատարելու մեջ, ինչի հետևանքով զոհվել է ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:
Քննչական կոմիտեի վարկածով՝ նա պայթուցիկ է տեղադրել «Volkswagen Golf» ավտոմեքենայում, որի պայթեցման արդյունքում գեներալը զոհվել է։ Պայթուցիկ սարքը գործարկվել է Ուկրաինայի տարածքից այն պահին, երբ Մոսկալիկը դուրս էր եկել շենքի մուտքից:
Հատուկ ծառայության տվյալներով` Կուզինը ծնունդով ուկրաինական Սումիից է, նախկինում բնակվել է Կարաչաևո-Չերկեսիայում, մերձմոսկովյան Բալաշիխայում բնակարան է վարձել այն շենքում, որտեղ բնակվում էր գեներալ-լեյտենանտը։ Արդեն ապրիլի 19-ին նա մեկնել է Թուրքիա։
Թուրքիայում թաքնվող Կուզինին ձերբակալել և հանձնել են ՌԴ քննչական կոմիտեին։
Հայտնի է, որ պայթեցված «Volkswagen»-ը պատկանել է 35-ամյա Մարգարիտա Վ.-ին: Մեկ տարի առաջ նա մեքենան վաճառել է Ադրբեջանի 29-ամյա քաղաքացու, իսկ վերջինս իր հերթին սույն թվականի փետրվարին մեքենան վերավաճառել է Իգնատ Կուզինին։
Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության և պայթուցիկի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Հետաքննության տեղեկություններով` պայթուցիկի հզորությունը տրոտիլային համարժեքով կազմել է ավելի քան 300 գրամ։