ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երկու քաղաքացի Երևանի Արցախի փողոցում ընկել են ջրատարը, ինչի հետևանքով 1 անձի հնարավոր է եղել փրկել, իսկ մյուսին ջուրը քշել, տարել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 06։00-ի սահմաններում։
Արցախի 3-րդ նրբանցքում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները օգնության ձայներ են լսել և, վազել այդ ուղղությամբ, տեսել են, որ 2 քաղաքացի ջրի մեջ են։
«Ոստիկանները կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել մի կնոջ, բայց մյուս քաղաքացուն չի հաջողվել, քանի որ վարարած գետը քշել տարել է, ինչից հետո էլ սուզվել է ջրի տակ։ Երևանի շտապ բուժօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել փրկված կնոջը, որը ոտքերի և մարմնի տարբեր հատվածներում վնասվածնքեր է ունեցել»,– գրում է կայքը։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արդեն տևական ժամանակ է որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում 3 ուղղությամբ։ «Ջրառ» ՓԲԸ-ի հետ էլ համաձայնություն է ձեռք բերվել ժամանակավորապես փակել ջրի հոսքը դեպի ջերմաէլեկտրակայանի տարածքով անցնող ջրատար` որոնողական աշխատանքները հեշտացնելու համար։
Փրկված կինը նշել է, որ արդեն 3 ժամից ավելի է ջրասուզակներն ու փրկարարները փնտրում են իր հետ եղած տղամարդուն։