Չինաստանը չեղարկել է ամերիկյան արտադրության մի շարք կիսահաղորդիչների մաքսատուրքերը

Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը հայտարարել էր, որ երկիրը «հայելային» տուրքերից ժամանակավորապես ազատել է էլեկտրոնիկայի և կիսահաղորդչային սարքերի ներմուծումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Չինաստանն ամբողջությամբ չեղարկել է ամերիկյան արտադրության որոշ կիսահաղորդիչների ներմուծման պատասխան տուրքերը։ Տեղեկությունը հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով մատակարարման շղթաների ոլորտում ծառայություններ մատուցող երեք ընկերությունների։
Միաժամանակ, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը և երկրի մաքսային ծառայությունները հայտարարել են, որ տեղյակ չեն կիսահաղորդիչների ավելացված մաքսատուրքերի վերացման մասին:
Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը հայտարարել էր, որ երկիրը էլեկտրոնիկայի և կիսահաղորդչային սարքերի ներմուծումը ժամանակավորապես ազատել է «հայելային» տուրքերից, քանի որ առաջիկա ամիսներին ամերիկյան վարչակազմը մտադիր է առանձին ոլորտային տուրքեր սահմանել դրանց վրա:
Թրամփը կասեցրել է մաքսատուրքերի սահմանումն ավելի քան 75 երկրների համար
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին հրամանագիր ստորագրեց այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին: Մաքսատուրքերի բազային տոկոսադրույքը 10% է, իսկ 57 երկրների համար ապրիլի 9-ից գործարկվել են ավելի բարձր տոկոսադրույքներ, որոնք հաշվարկվել են՝ ելնելով տվյալ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային պակասուրդից և հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունից։ Սակայն արդեն ապրիլի 9-ին Թրամփը հայտարարեց, որ ավելի քան 75 երկրներ չեն ձեռնարկել պատասխան միջոցներ և բանակցություններ են խնդրել, ուստի Չինաստանից բացի մյուս երկրների համար 90 օրով կգործեն ներմուծման 10% բազային մաքսատուրքեր:
Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի գնումները