Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ կրակոցներ են հնչել, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները թաքնվել են ապաստարանում

Զապորոժիեի ԱԷԿ
Տագնապի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները, որոնք գտնվում են Զապորոժիեի ատոմակայանում, կրակոցների ձայներ են լսել և թաքնվել ապաստարանում: Այս մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

«ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները երեկ առավոտյան ստիպված են եղել պատսպարվել վարչական շենքում, երբ նրանց գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տագնապի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարք ի հարձակման սպառնալիքը, ինչի պատճառով մասնագետների նախատեսված աշխատանքը հետաձգվել է:
Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է` նման իրավիճակը, որը դեռ վերջերս անհավանական էր թվում, առօրյա իրականություն է դարձել Եվրոպայի խոշորագույն ատոմակայանում:
«Միջուկային անվտանգության տեսանկյունից դա ակնհայտորեն անընդունելի է։ ՄԱԳԱՏԷ-ն առաջվա պես հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի այս ողբերգական պատերազմի ընթացքում միջուկային վթար թույլ չտա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ Կայանի բոլոր էներգաբլոկներն այս պահին գտնվում են «սառը անջատման» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։
ՄԱԳԱՏԷ–ն մտադիր է դերակատարություն ունենալ Իրան–ԱՄՆ բանակցություններում. Գրոսի