Թրամփի հայտարարությունը` ԱՄՆ-ի հետ սակագների բանակցության մասին, սուտ է. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը. Արխիվային լուսանկար
Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ սակագների շուրջ երկխոսություն ունենալ միայն հավասար պայմաններով՝ փոխադարձ հարգանքի սկզբունքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Չինաստանի իշխանությունները բանակցություններ չեն սկսել ԱՄՆ–ի կառավարության հետ առևտրային հարցերի և տուրքերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ հերքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «ակտիվ խորհրդակցությունների մասին» հայտարարությունները։ Նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
«Այդ բոլորը սուտ տեղեկություններ են: Որքանով ինձ հայտնի է, Չինաստանը և ԱՄՆ–ն սակագների շուրջ խորհրդակցություններ կամ բանակցություններ չեն վարել, էլ չենք խոսում համաձայնության գալու մասին», – ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Գո Ցզյակունը:
Ինչպես պարզաբանել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Վաշինգտոնը հանդես է եկել որպես սակագնային պատերազմի նախաձեռնող, մինչդեռ Պեկինը հետևողական և հստակ դիրքորոշում ունի։ «Մենք պայքարելու ենք մինչև վերջ, սակայն բանակցությունների համար դռները բաց են», – հավելել է դիվանագետը։
Գո Ցզյակունը նշել է, որ Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ սակագների վերաբերյալ երկխոսություն վարել միայն հավասար պայմաններով՝ փոխադարձ հարգանքի սկզբունքի համաձայն։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակտիվ բանակցություններ է վարում Չինաստանի հետ երկկողմ առևտրի և մաքսատուրքերի շուրջ: Նրա գնահատմամբ՝ այդ երկխոսությունը լավ է ընթանում։
Չինաստանից ապրանքների համար Վաշինգտոնի ընդհանուր մաքսատուրքերը հասնում են 145%-ի։ Ի պատասխան վարչակազմի գործողությունների՝ Չինաստանը ապրիլի 12-ից բարձրացրել է ամերիկյան ապրանքների սակագները մինչև 125%։