ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում վիրավորում ստանալուց մոտ մեկ ամիս անց մահացել է «Զվեզդա» հեռուստաալիքի ռազմական թղթակից Նիկիտա Գոլդինը։ Նա մահկանացուն կնքել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։
«Ցավոք, մեր գործընկերոջ ստացած վիրավորումը չափազանց ծանր էր», – ասվում է «Կրասնայա Զվեզդա»-ի հաղորդագրության մեջ (Գոլդինը նյութեր էր գրում նաև այս լրատվամիջոցի համար)։
Լրագրողը վնասվածքը ստացել էր մարտի 24-ին Միխայլովկա բնակավայրի մոտ, երբ Ուկրաինայի զինված ուժերը HIMARS հրթիռով հարվածել էին լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող մեքենային։ Հարձակման հետևանքով մահացել էին «Իզվեստիա» թերթի երեք աշխատակիցներ՝ թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը, օպերատոր Անդրեյ Պանովը և վարորդ Ալեքսանդր Սիրկելին։
Գոլդինը գլխի ծանր բեկորային վնասվածք էր ստացել։
Նիկիտա Գոլդինը ռեպորտաժներ էր պատրաստում «Զվեզդա» հեռուստաալիքի համար, ինչպես նաև հոդվածներ էր գրում «Կրասնայա Զվեզդա», «Մոսկովսկի կոմսոմոլեց» և այլ պարբերականների համար։ Նա «Զվեզդա» հեռուսատատալիքում էր աշխատում 2024 թվականի ամռանից։