ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Կիևը, խախտելով Զատկի հրադադարը, կարծես փորձում էր «քաշել» ԱՄՆ–ին՝ օգտագործելով ամերիկյան զենքը։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ուկրաինայի զինված ուժերը 136 անգամ խախտեցին 30-օրյա մորատորիումը (էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ հասցնելու վերաբերյալ. խմբ.): Կիևի ռեժիմը խախտեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած 30-ժամյա Զատկի հրադադարը», – ասաց նա:
Զախարովան հավելեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 30 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից 4900 խախտում է գրանցվել։
«Հազարավոր հրետանային հարվածներից բացի, ուկրաինացի նացիստները 90 անօդաչու են կիրառել, ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռներով գնդակոծել Կուրսկի մարզը։ Զելենսկին կարծես միտումնավոր է «քաշում», այդ թվում՝ նաև ամերիկացիներին` հենց ամերիկյան զենք օգտագործելով Զատկի տոների ժամանակ», – ընդգծեց Զախարովան։
Հիշեցնենք` ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Պուտինը հրադադար է հայտարարել Զատկի կապակցությամբ։ Հրադադարը գործեց ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն: ՌԴ նախագահը հայտարարել էր` ելնում է նրանից, որ Ուկրաինան կհետևի Ռուսաստանի օրինակին։ Միաժամանակ նա նշել էր, որ ռուսական զորքը պետք է պատրաստ լինի հակառակորդի կողմից հրադադարի հնարավոր խախտումներն ու սադրանքները հետ մղելու: Այսօր ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ հրադադարի ընթացքում ուկրաինական կողմից արձանագրվել է 4,9 հազար խախտում: