Իրանն ու Չինաստանը կդիմակայեն ԱՄՆ–ի միակողմանի գործողությունների քաղաքականությանը․ Արաղչի

Թեհրանը հատուկ նշանակություն է տալիս Պեկինի հետ հարաբերությունների զարգացմանը, հավատարիմ է «մեկ Չինաստանի» սկզբունքին և ազգային առանցքային շահերի պաշտպանության գործում աջակցում է նրան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Իրանն ու Չինաստանը մտադիր են այսուհետ ևս հաստատակամորեն աջակցել միմյանց ԱՄՆ-ի ճնշման պայմաններում, այդ թվում` միակողմանի միջոցառումների և մաքսային տուրքերի չարաշահման դեպքում։ ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը:
Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը հատուկ նշանակություն է տալիս Պեկինի հետ հարաբերությունների զարգացմանը, հաստատակամորեն հավատարիմ է «մեկ Չինաստանի» սկզբունքին և ազգային առանցքային շահերի պաշտպանության գործում աջակցում է նրան: Նա նշել է, որ երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա և այսօր ապրում է իր պատմության լավագույն ժամանակաշրջանը:

«Իրանի և Չինաստանի միջև բարեկամությունն ամուր հիմք ունի և կախված չէ արտաքին գործոններից։ ԱՄՆ-ի կողմից ճնշման, ահաբեկման և տնտեսական շանտաժի ուժեղացման պայմաններում մենք կշարունակենք համատեղ դիմակայել միակողմանի գործողությունների և գերիշխանության քաղաքականությանը, ինչպես նաև պաշտպանել բազմակողմանիության սկզբունքները», - հավելել է նախարարը։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ներմուծման «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին, որոնց բազային դրույքաչափը կազմել է 10 %: Ապրիլի 9-ից 57 երկրների համար սահմանվել են բարձրացված սակագներ, որոնք հաշվարկվել են դրանցից յուրաքանչյուրի հետ ԱՄՆ-ի առևտրային պակասուրդի հիման վրա: Տվյալ գործողությունների նպատակն է հասնել առևտրային հավասարության: Սակայն արդեն մեկ շաբաթ անց ՝ ապրիլի 9-ին, Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 75 երկիր բանակցությունների պատրաստակամություն է հայտնել, ինչի արդյունքում նրանց համար` բացառությամբ Չինաստանի, 90 օրով պահպանվել են բազային տուրքերը:
Թրամփը չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 145 %
Շարունակվող առևտրային պատերազմի շրջանակներում ԱՄՆ-ն և ՉԺՀ-ն փոխադարձաբար սահմանել են լրացուցիչ 125 % մաքսատուրքեր: Բացի այդ, չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ն սահմանել է 20 % առանձին տուրք` ի պատասխան, ինչպես պնդում են, սինթետիկ թմրանյութերի արտադրության դեմ Պեկինի ոչ բավարար պայքարի: