ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեծ հարգանքով են վերաբերվել միմյանց: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի պապի մահվան կապակցությամբ։ Գիտեք, որ նրանք բազմիցս հանդիպել են և մեծ հարգանքով են վերաբերվել միմյանց», - ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Վատիկանի ներկայացուցիչ կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել էր, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 8: 35-ին:
Փետրվարի 14-ին, ընդունելությունների ավարտից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոսը ուղևորվել է Հռոմի «Ջեմելլի» կլինիկա՝ բրոնխիտի հետազոտությունն անցկացնելու և հիվանդանոցային պայմաններում բուժումը շարունակելու համար: Պոնտիֆիկոսի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են։ Ավելի ուշ կատարված հետազոտությունները ցույց են տվել երկկողմանի թոքաբորբ։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Ֆրանցիսկոսը տարել է շնչառական 4 ճգնաժամ։ Նրա բժիշկների խոսքով՝ պապի կյանքին երկու անգամ վտանգ է սպառնացել։
Մարտի 23-ին՝ թոքաբորբի բուժումից հինգ շաբաթ անց, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցից դուրս էր գրվել: