ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Կիևը չի պահպանել Զատկի հրադադարը, որին ավելի վաղ համաձայնել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, որում հույս են հայտնել, որ Զատիկից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարը կերկարաձգվի։
«Բայց այն (հրադադարը) Կիևի ռեժիմի կողմից չի պահպանվել նաև Զատիկի ժամանակ: Ընդ որում, հրադադարը խախտելու համար օգտագործվել է ամերիկյան HIMARS զենք», - գրել է դիվանագետը Telegram–ի իր ալիքում:
Զախարովան նշել է, որ սա ոչ թե պատահականություն է, այլ օրինաչափություն։ «Չէ որ վառելիքաէներգետիկ համալիրի վրա հարձակումների մորատորիումի ժամանակ Զելենսկին, ով համաձայնել էր դրան, թիրախավորված հարվածում էր քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքներին», – ընդգծել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զատկի հրադադար սահմանելու մասին ապրիլի 19-ին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն սկսել էր գործել նույն օրը Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից և շարունակվել մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուկրաինական կողմը ավելի քան 440 անգամ կրակել է ՌԴ ԶՈւ դիրքերի ուղղությամբ և 900 հարված հասցրել անօդաչուներով։ Գնդակոծության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, ինչպես նաև վնասված քաղաքացիական օբյեկտներ։ Գերատեսչությունից նշել են, որ ռուսական ստորաբաժանումները, Պուտինի հրամանի համաձայն, խստորեն պահպանել են հրադադարը։