ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը (պատկանում է Meta ընկերությանը, որը ծայրահեղական է ճանաչվել ՌԴ–ում) դադարել է արգելափակել այն օգտահաշիվներն ու խմբերը, որոնք հրապարակում են Արցախի և Հայաստանի ազգային հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանի լուսանկարները։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ՏՏ փորձագետ Սամվել Հայրապետյանը։
Նշենք, որ վերջին տարիներին Facebook–ը բազմիցս սահմանափակել է հասանելիությունը այն օգտատերերի պրոֆիլներին և էջերին, որոնք տեղադրել են Արցախյան առաջին պատերազմի հերոսի լուսանկարները։
Փորձագետը նշել է, որ արգելափակումները, որպես կանոն, տեղի են ունեցել ադրբեջանցի օգտատերերի բազմաթիվ բողոքներից հետո։ Այժմ իրավիճակը փոխվել է` հրամանատարի նկարը ջնջելու դեմ բողոքարկելու արդյունքում դրանք հիմնականում վերականգնվում են։ Նույնը տեղի է ունենում նաև Մոնթեի անուն–ազգանունով հրապարակումների հեռացման դեպքում` բողոքարկումից հետո դրանք ևս վերականգնվում են։
Հայրապետյանը կոչ է արել օգտատերերին այլևս չհրաժարվել Մոնթե Մելքոնյանի լուսանկարները և նրա պատմությունները հրապարակելուց, իսկ արգելափակման դեպքում անպայման բողոքարկել։
«Գոյություն ունեն բոտեր, որոնք ֆիլտրում են ըստ բառի ու ըստ նկարի և ջնջում այն, տևական ժամանակ բողոքարկելու արդյունքում մենք կհասնենք այն կետին, որ հրամանատարի հարցը բոտերի տիրույթից կտեղափոխվի ռեալ ադմինների տիրույթ, բայց սրա համար համառ պայքար ու ժամանակ է պետք, համառ ու ազգային միասնական պայքար։ Հիմա մեր խնդիրը Մոնթեն է, սակայն ապագայում գուցե այլ մեծություն էլ լինի, պետք է տեր կանգնենք մեր մեծերին, մեր պատմությանն ու մեր ինքնությանը»,– գրել է Հայրապետյանը։
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ–ին Կալիֆոռնիայի Վայսեյլի քաղաքում։ Սովորել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում ասիական ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժնում։
Մոնթեն անփոխարինելի դեր է կատարել հայկական ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև կանոնավոր բանակ ստեղծելու գործում:
Մոնթեի ղեկավարությամբ 1993 թվականի գարնանն ազատագրվել է Քարվաճառը, որը, սակայն, 2020 թվականի նոյեմբերի 25–ին` Մոնթեի ծննդյան օրը, անցել է Ադրբեջանի հսկողության տակ։
1993 թվականի հունիս 12-ին Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջել է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու մարտիկներին: Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի նրանց առջև հայտնվել է թշնամու զրահամեքենան: Անհավասար մարտում զրահամեքենայից արձակված հրթիռի բեկորից Մոնթեն զոհվել է: