ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում պաշտոնյաների կողմից լրագրողների աշխատանքին խոչընդոտելը

Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը. Արխիվային լուսանկար
Պաշտպանը շեշտում է, որ պետության պարտավորությունն է մշակել և գործադրել ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ լրագրողների էթիկային առնչվող հարցերի քննարկման պատշաճ կարգավորումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Տեղեկատվություն ստանալու իրավունքի ու կարծիքի արտահայտման ազատության պատշաճ իրացման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը։ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում պաշտոնյաների կողմից լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքերը։
ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան ՝լրագրողների հարցադրումները հաճախ կարող են լինել սուր, միաժամանակ, թույլատրելի, եթե չեն հակասում խոսքի ազատության իրավաչափության սահմաններին։
«Պաշտպանը խնդրահարույց է համարում և այն հանգամանքը, որ ներպետական պատշաճ մեխանիզմների բացակայության պատճառով՝ պաշտոնատար անձ-լրագրող յուրաքանչյուր միջադեպին հաջորդում են փոխադարձ մեղադրանքները էթիկայի նորմերի պահպանման հարցի շուրջ»,- նշված է հայտարարության մեջ։
ՄԻՊ-ը նաև ընդգծում է՝ պետության պարտավորությունն է մշակել և գործադրել ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ լրագրողների էթիկային առնչվող հարցերի քննարկման պատշաճ կարգավորումներ։ Շեշտում է՝ դրանք Հայաստանի Հանրապետությունում կա՛մ բացակայում են, կա՛մ պատշաճ չեն գործում։
Պաշտպանը նաև ընդգծում է՝ ինչպես պաշտոնատար անձանց կողմից լրագրողների հետ պատշաճ հաղորդակցությունը, այնպես էլ «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանումը բացառիկ կարևորություն ունեն քաղաքացիների տեղեկատվություն ստանալու և կարծիքի արտահայտման ազատության տեսանկյունից։
Նշենք, որ վերջին սկանդալային միջադեպը կապված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի հետ։ Նա ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հունից դուրս էր եկել, մատ թափ տվել, վիրավորել լրագրող Նարեկ Կիրակոսյանին։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին էլ ԱԺ–ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ թույլ չտալով նաև իր կողքին կանգնել։ Այս միջադեպից հետո հայտնի դարձավ, որ լրագրողը ստորագրահավաք է կազմակերպել` դիմելով ԱԺ խմբակցություններին` ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և քննելու Քոչարյանի վիրավորական վարքագիծը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, թե շատ վատ է, որ մինչև հիմա Էթիկայի հանձնաժողով չկա։ Իրենք մտածում են այն ստեղծել, բայց ոչ հենց Անդրանիկ Քոչարյանի հետ առնչվող դեպքով, այլ այն պետք է մշտական լինի։