ՀՀ իշխանությունները նպատակ ունեն փակել Արցախի ներկայացուցչությունը. Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն փակել Արցախի ներկայացուցչությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Այս փուլում ՀՀ իշխանության հակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Վերջին օրերին արցախցիների ու, առհասարակ, հայության տարբեր խմբերի նկատմամբ ատելություն գեներացնող իշխանության քայլերը տարբեր դրդապատճառների ներքո քննարկվեցին: Կարծում եմ, որ այս փուլում, իշխանության հակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է, որի վերջին արարը, միգուցե, դառնա Արցախի ներկայացուցչության փակումը (2023-ի սեպտեմբերից հետո դրա շանտաժն անընդհատ հնչում է)»,– գրել է Աբրահամյանը։
Ըստ նրա` այդ քայլը միայն խորհրդանշական նշանակություն կունենա, որովհետև եթե նպատակ լինի Արցախի պետական ինստիտուտները պահպանել, ապա դա կարելի է կազմակերպել նաև այլ տարածքներում: Աբրահամյանը շեշտել է, որ իշխանությունը որպես զիջում փորձում է Ադրբեջանին ծախել իր կոշտ դիրքորոշումն Արցախի ու արցախցիների ապագայի նկատմամբ` Ադրբեջանից ակնկալելով բարեհաճ վերաբերմունք:
Հիշեցնենք՝ 2025-ի փետրվարի 11-ին էլ խորհրդարանի միջանցքում ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արցախցիներին մեղադրեց չկռվելու և փախչելու մեջ` կրկնելով, որ պետք էր մնալ ու կռվել։ Այդ հայտարարությունը բուռն քննարկման թեմա դարձավ հասարակության շրջանում։ Հաջորդ օրը Սիմոնյանը մանրամասնեց, որ ինքը չի պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ ինքը խոսել է կոնկրետ այն մարդկանց մասին, որոնք «ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտա` իրենց տները, որոնք ուզում էին վերադառնալ Հայաստանում կառուցված իրենց ասաբնյակները... Դրանք այն մարդիկ են, որոնք առաջին օրվանից ուզում էին դատարկել Ղարաբաղը: Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել»։