ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Դա միակ միջազգային հարթակն է, որը ստեղծվել է հենց հակամարտությունը լուծելու համար։ Այդ որոշումները՝ Արցախի էջը փակելու, Մինսկի խումբը փակելու, հայտարարում են Հայաստանի իշխանությունները, և ես ակնկալում եմ նաև Հայաստանի քաղաքացիների արձագանքը»,- ասաց Շահրամանյանը։
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարն առաջին անգամ հնչեցրել է Իլհամ Ալիևը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը: Ի սկզբանե Երևանն ըստ էության չէր արձագանքում, սակայն հետո Փաշինյանն ինքը կառչեց այդ մտքից՝ պնդելով լուծարման հնարավորությունը։ 2025թ–ի ապրիլի 12–ին Թուրքիայում` Անթալիայի ֆորումի շրջանակում ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ անցկացվող պանելային քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ միասին ստորագրել նաև ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը։
Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։
Վերջին տարիներին դրա գործունեությունը դե ֆակտո սառեցված է, դե յուրե՝ ոչ։