ՌԴ–ի և Իրանի արտգործնախարարները կհանդիպեն ապրիլի 18-ին. ի՞նչ է հայտնի օրակարգի մասին

Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին
Ավելի վաղ նախարարները հանդիպել էին Սերգեյ Լավրովի՝ Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի բանակցությունները կկայանան ապրիլի 18-ին Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի թեման, ինչպես նաև Սիրիայում, Անդրկովկասում և Կասպյան ավազանում տիրող իրավիճակը:
Ըստ գերատեսչության`Լավրովն ու Արաղչին կքննարկեն նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման ծրագրերը՝ հաշվի առնելով ապրիլի 23-25-ը Մոսկվայում կայանալիք առևտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական մշտական հանձնաժողովի 18-րդ նիստը, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի միջև նոր բազային միջպետական պայմանագիրը և հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Հանդիպումը կդառնա երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պարբերական երկխոսության շարունակությունը։ Չնայած պատժամիջոցային ճնշումներին՝ ռուս-իրանական հարաբերություններն ավանդաբար բնութագրվում են որպես գործընկերային։ Ինտենսիվ բովանդակալից քաղաքական երկխոսությունը շարունակվում է նաև բարձր մակարդակով», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս Իրանի հետ ընդլայնել փոխշահավետ կապերը՝ ի շահ տարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգության։ Մոսկվայում ակնկալում են ամրապնդել Իրանի Իսլամական Հանրապետության հետ բազմապլանային ռազմավարական փոխգործակցության ամբողջ համալիրը:
ՄԱԳԱՏԷ–ն մտադիր է դերակատարություն ունենալ Իրան–ԱՄՆ բանակցություններում. Գրոսի