ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօրվանից դադարեցվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետով՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները 2025 թվականի ապրիլի 17-ից համարել դադարած»,–ասվում է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք` Թևոսյանն այս պաշտոնում վարչապետի որոշմամբ նշանակվել էր 2021թ–ի մարտի 5–ին։ Մինչ այդ նա ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր և մանդատը վայր դրեց նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Հանրային հեռարձակողի խորհուրդը (նախկինում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ) «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարման մարմինն է:
Հավելենք, որ ըստ օրենքի՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է ունենա 7 անդամ՝ նախագահ և 6 անդամ։