Համաշխարհային շուկայում նավթի գները ընկել են և տատանվում են 1 բարելի դիմաց 65 դոլարի սահմաններում։ Մինչդեռ հայաստանյան շուկան այս փոփոխություններին որևէ կերպ չի արձագանքում։
Հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրի գինը վերջին 1 ամսում 480-ից 490 դրամ է, պրեմիում տեսակինը` 500ից -510 դրամ։ Համեմատության համար նշենք, որ բենզինի այսօրվա գները համադրելի են 2022 թվականի հունվարյան գներին, երբ նավթի համաշխարհային գինը 1 բարելի դիմաց 91 դոլար էր, իսկ դոլարի փոխարժեքը այդ նույն ժամանակահատվածում, ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի արխիվային տվյալների` մոտ 482 դրամ էր, իսկ այսօր 1 դոլարի փոխարժեքը, ըստ գլխավոր դրամատան` 390.68 դրամ է։
«Հայաստանում վառելիքի գները շատ դանդաղ են իջնում, բայց շատ արագ բարձրանում են»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը` մեկնաբանելով համաշխարհային շուկայում նավիթի գների անկման փաստն ու հայաստանյան շուկայում բենզինի` չնվազող գները։
Ըստ տնտեսագետի` դա պայմանավորված է նրանով, որ շուկայում գործում են գերիշխող դիրք ունեցող մի քանի ընկերություններ, որոնք, ըստ էության ղեկավարում կամ վերահսկում են ամբողջ շուկան։
«Ներկրողները վերահսկում են նաև մանրածախ առևտուրը`գնային քաղաքականություն թելադրելով նաև մանրածախ առևտրի ոլորտում»,-նշում է տնտեսագետը` հավելելով, որ այս իրավիճակում պատահական չէ, որ համաշխարհային շուկայում թանկացմանը կամ դոլարի փոխարժեքի բարձրացմանը տեղական շուկան շատ արագ արձագանքում է, մինչդեռ էժանացմանը` ոչ։»,-փաստում է տնտեսագետը։
Հայաստանյան շուկայում բենզինի գինը, Պարսյանի համոզմամբ, հիմնականում կախված է լինելու շուկայի`գերիշխող դիրք զբաղեցնող խաղացողներից ու Տնտեսական մրցակցության հանձնաժողովի գործողություններից։