Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկին համեմատել է կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովի հետ՝ նշելով, որ SpaceX -ի ղեկավարը երազում է Մարսի մասին:
Ապրիլի 16-ին Պուտինն այցելել է Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարան, որտեղ շփվել է ուսանողների հետ` մասնավորապես քննարկելով դեպի Մարս թռիչքի բարդությունն ու Ռուսաստանի տիեզերական հետազոտությունների ծրագրերը:
«Մի մարդ կա, որը Նահանգներում է ապրում՝ Մասկը։ Նա տարված է Մարսով: Նման մարդիկ հաճախ չեն ի հայտ գալիս մարդկության մեջ: Նրանք լիցքավորված են որոշակի գաղափարներով, որոնք նույնիսկ եթե այսօր անհավանական են թվում, ապա որոշ ժամանակ անց դրանք իրագործվում են։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին իրականացվեցին նախակարապետ Կորոլյովի գաղափարները: Թվում էր, թե դրանք անհավանական են, բայց ամեն ինչ իրագործվեց», - ասել է Պուտինը՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին։
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, դեպի Մարս թռիչքի նախագիծը շատ բարդ է։ Առաջին հերթին պետք է լուծել տիեզերքում մարդու երկարատև անվտանգ մնալու խնդիրը։ Բացի այդ, անհրաժեշտ է լուծել տեղեկատվության փոխանցման նոր եղանակների հարցը։
Առհասարակ, ըստ Պուտինի, դա վիթխարի խնդիր է, որով ավելի ու ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում։
Հիշեցնենք, որ միջմոլորակային ճանապարհորդությունը SpaceX-ի հիմնական նպատակներից մեկն է։ Դեպի Մարս թռիչքների համար «միջմոլորակային տրանսպորտային համակարգ» (ITS) ստեղծելու ծրագիրը Իլոն Մասկը ներկայացրել է 2016 թվականին՝ Օդագնացության միջազգային կոնգրեսում: Ընկերությունը ծրագրել է համակարգը շահագործման հանձնել մոտավորապես 2026 թվականին։ Մասկը մտադիր է «կարմիր մոլորակ» հասցնել ընդհանուր առմամբ մեկ միլիոն մարդու։