Պյատիգորսկի ժամանցի կենտրոններից մեկում ահաբեկչություն է կանխվել. ԱԴԾ

Ահաբեկչությունը կատարելուց հետո հանցագործը պատրաստվում էր մեկնել Սիրիա՝ մասնակցելու մարտական գործողություններին, նշել է հատուկ ծառայությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ուժայինները Պյատիգորսկի ժամանցի կենտրոններից մեկում ահաբեկչություն են կանխել, որը ծրագրել էր Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի բնակիչը, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն:
«ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչական գործողությունը, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի բնակիչ, Ռուսաստանում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամի կողմից ծրագրվում էր իրականացնել Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում։ Ահաբեկիչը մտադիր էր հանցագործությունը կատարել ժամանցի կենտրոններից մեկում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պլանավորած հանցագործության կատարման նպատակով ահաբեկիչն իրականացրել է տեղանքի հետախուզություն, զենք և ինքնաշեն հրկիզող նյութերի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ է ձեռք բերել:
«Ահաբեկչությունից հետո հանցագործը պատրաստվում էր մեկնել Սիրիա՝ մասնակցելու մարտական գործողություններին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա ժամանակին հայտնաբերվել և ձերբակալվել է», - հավելել է հատուկ ծառայությունը։
Ընդգծվում է, որ ահաբեկչի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են հրկիզող նյութով շշեր: Ահաբեկչության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Սամարայի մարզում երկու ռուսաստանցի է ձերբակալվել դիվերսիաներ նախապատրաստելու համար. ԱԴԾ