1 անձի համար` 1 մլն դրամ. Հակոբյանն այս անգամ էլ հաջողակ ընտանիքներին է ընթրիքի հրավիրում

Աննա Հակոբյանը. Արխիվային լուսանկար
Տոմսերից գոյացած հասույթը կուղղվի ծրագրի շրջանակում ընտրված նորաստեղծ ընտանիքներին, ովքեր կզարգացնեն իրենց բիզնեսները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հաջողակ և կայացած բոլոր ընտանիքներին հրավիրում է բարեգործական վճարովի ընթրիքի։ Տեղեկությունը հայտնում է «Իմ Քայլը» հիմնադրամը։ Նշվում է, որ «Ստեղծենք միասին» նախագիծը` «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 3-րդ փուլային նախագիծն է։
«Նախագծին աջակցելու նպատակով մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին, «Հայրիկ» ռեստորանում կկայանա բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողակ և կայացած բոլոր ընտանիքները`վճարելով մեկ անձի համար 1 մլն ՀՀ դրամ, երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ, երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ և չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տոմսերից գոյացած ողջ հասույթը կուղղվի ծրագրի շրջանակում ընտրված նորաստեղծ ընտանիքներին, ովքեր կհաղթահարեն ընտրական բոլոր փուլերը և արդյունքում կստեղծեն կամ կզարգացնեն իրենց բիզնեսները։
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլի 14-ին «ԱրմԱս» գինու գործարանում Հակոբյանը «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք էր կազմակերպել, որի տոմսն արժեր 1 մլն դրամ։ Ընթրիքին մասնակցել էր 42 կին գործարար։
2024 թվականի հոկտեմբերի 31-ին էլ Հակոբյանը տղամարդ գործարարների համար վճարովի ընթրիք էր կազմակերպվել «Լիվինգսթոն» ռեստորանում, որին մասնակցել էր 62 գործարար տղամարդ։