ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թ–ին 33 մլրդ 249 մլն դրամի շահաբաժին է վճարել ՀՀ պետական բյուջե։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով 2024 թ–ի կառավարության ծրագրի կատարողականը։
«Սա եղել է մեր համբերատար ու հետևողական գործողությունների արդյունքում, որը միանգամից տեղի չի ունեցել, այլ տևել է երեք տարի»,– հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետը նշեց նաև, որ միայն ԶՊՄԿ–ի մասով 1 մլրդ դոլար գումար ու գույք է վերադարձվել Հայաստանի Հանրապետություն։
Նրա խոսքով` անուղղակիորեն այս թեմայի հետ կապ ունի նաև Ամուլսարի խնդրի բարեհաջող հանգուցալուծումը և ՀՀ կառավարության` 12.5 տոկոս փայաբաժին ձեռք բերելը։
«Բացի այդ, ազդակիր համայնքներին տարեկան հավելյալ 7 մլրդ դոլար գումար վճարելու պարտավորության արձանագրումն է»,– ընդգծեց նա։
Նա խոսեց նաև «Վիվա Սել» ընկերության վաճառքից և կառավարության կողմից 20 տոկոս փայաբաժին ձեռք բերելուց` նշելով, որ «Վիվա Արմենիա» ընկերությունն արդեն 2025 թվականին բացի վճարված հարկերից, պետական բյուջե է վճարել 2 մլրդ դրամ փայաբաժին։
Հիշեցնենք, որ 2021 թ. սեպտեմբերին ԶՊՄԿ մեծամասնական բաժնետեր է դարձել ռուսական «Գեոպրոմայնինգ» կորպորացիան, որը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել կոմբինատի բաժնետոմսերի 15 %–ը։