«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շուրջ 40 մլն դրամ է վերադարձրել կինոյի հիմնադրամին

Նազիկ Ավդալյանը որդու հետ ֆիլմը դիտելու ժամանակ
Վերջին յոթ ամիսների ընթացքում ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Հայաստանի մարզերում, ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական տասնյակ երկրների շուրջ 33 քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի ու կարիերայի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմին՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից տրամադրված աջակցությունը` շուրջ 40 մլն դրամ, ամբողջովին վերադարձվել է հիմնադրամի բյուջե։ Այս մասին տեղեկացրել է ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորած Աննա Հարությունյանը, որը նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է, ռեժիսորը և սցենարի հեղինակը:
Նշվում է, որ վերջին յոթ ամիսների ընթացքում ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Հայաստանի մարզերում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, եվրոպական տասնյակ երկրների շուրջ 33 քաղաքներում, արժանացել ֆիլմասեր հասարակության ջերմ գնահատականին, նվաճել մրցանակներ:
Հիշեցնենք, որ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թ. սեպտեմբերի 12-ին։ Նազիկ Ավդալյանը նշել էր, որ դրաման պատմում է իր կյանքի և սպորտային կարիերայի մասին ու այնտեղ ներկայացված բոլոր դրվագները չափից շատ անձնական են։ Միևնույն ժամանակ շեշտել է` ֆիլմում միայն դրական և ուժեղ կերպար չէ ներկայացված։
Նշենք, որ 2011 թվականի ապրիլի 26-ին, Գյումրիում Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով ողնաշարի լուրջ վնասվածք էր ստացել։ Այդ պատճառով նա 7 տարի դուրս էր մնացել մեծ սպորտից, ապա 2016 թվականին վերադարձել։ Չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, նա Նորվեգիայի Ֆյորդ քաղաքում կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց։