ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը ենթադրում է նրա միջուկազերծ կարգավիճակը, խտրական օրենքների վերացումը և ՌԴ սահմանների ինքնիշխանության ճանաչումը։
«Ինչ վերաբերում է հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի ռազմավարական նպատակներին, դրանք մնում են նույնը. խաղաղության համաձայնագրի պայմանները, անկասկած, նախատեսում են Ուկրաինայի միջուկազերծ, չեզոք կարգավիճակ, ուկրաինական պետության ապառազմականացում և ապազգայնականացում, հետևաբար բոլոր խտրական օրենքների չեղարկում, որոնք ընդունվել են 2014 թվականի պետական հեղաշրջումից հետո»,– այսօր լրագրողներին Մինսկում ասել է Նարիշկինը։
Նա հավելել է, որ Ուկրաինան ևս պետք է անվերապահորեն ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը և ՌԴ ներկայիս տարածքային սահմանները։
Նարիշկինը նաև նշել է, որ Ռուսաստանն ամբողջ ծավալով կատարում է էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մորատորիումի հետ կապված իր պարտավորությունները, մինչդեռ Ուկրաինան ամեն օր հարվածներ է հասցնում։
Միևնույն ժամանակ, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը կարծում է, որ Կիևի ռեժիմը շահագրգռված է շարունակել ռազմական հակամարտությունը՝ իշխանության ղեկին մնալու և իր ժողովրդի առաջ հանցավոր որոշումների համար պատասխանատվություն չկրելու համար։
«Մենք հասկանում ենք, որ Ուկրաինայի ղեկավարությունը ուզում է` հակամարտությունը ռազմական շարունակություն ունենա և հասկանում ենք, թե ինչու: Միայն նման պայմաններում ներկայիս Կիևի իշխանությունը կմնա իր գրասենյակներում և ժողովրդի առջև պատասխանատվություն չի կրի իր հանցավոր որոշումների համար», – ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։